Աշուն է. բարակ անձրև է մաղում լեռների, դաշտերի,
տերևների տակ ծվարած մրջյունի
ընտանիքի, Լեռնային
Ղարաբաղի ու մեր սրտերի վրա:
Ցուրտ է մեր սրտերում.
անձրևն է պատճառը, թե խոսքերը, որ սառն են աշխարհի սառույցներից
էլ, որ ասում են մեզ իբր բարեկամ օտարները:
Ո՞ւմ է հարկավոր մեր աչքի արցունքը.
դրանով տանկ չես վարի ուրիշ երկրի տարածքով, հրթիռ չես լիցքավորի
կամ ինքնաթիռ:
Մեկ տոննա մեր արցունքը
մեր մեծ եղբայրը չի փոխի մի կաթիլ նավթի հետ, թեկուզ այդ կաթիլը ծծելով հանի մեր թշնամու խողովակից:
«Սրանց (իմա՝ մեզ) ոչ երկիր է պետք, ոչ երկինք», մտածում են աշխարհի դըբռ ազգերը,
«սրանք, մեկ է, երկրի ու երկնքի միջև են ապրում. է՜, թող ապրեն»:
Ու ծեծկում են մեզ, ստորացնում, որ ավելի հավատարիմ
դառնանք ու ավելի լիզենք: Լիզե՜լ, լիզե՜լ, լիզե՜լ մինչև վերջ, մինչև քսի կտան ուրիշի վրա, որ մեր ու մանուկ չխնայելով կռվենք ուրիշի համար ուրիշի դեմ: Հետո նորից կապը վզներիս,
մահակի ահը սրտներումս, լափը դեմներս՝ հաչա՛, հաչա՛, հաչա՛ արդարության ու տաղանդավորության մասին:
«Քարերով հալածիր այն շանը, որ տիրոջը թողած, քո հետևից է գալիս», ասում է խրատը: Ու մեզ հալածում են, որովհետև... անտեր ենք: Ո՛չ դրսից տեր ունենք, ո՛չ էլ, հատկապես,
ներսից: Մեր հոգիներում անտերություն
է, լինի տեր, թե ծառա:
Ու մաղում է աշնան բարակ անձրևն անտեր, թափառական
շների վրա, իր ընտանիքի
պատիվը կծոտելով
պահող մրջյունի
բնի վրա, Լեռնային Ղարաբաղի
վրա, Նեմրութ սարի աստվածների
վրա, ու անձրևաջուրը հոսում է ու արցունք է քշում համաշխարհային օվկիանոս, որն աղի է մեր արցունքի
պատճառով:
Մի՞թե դեռևս բոժոժ ենք, թրթուր, ոտնակոխի
ճիճու: Ե՞րբ պիտի բացվեն մեր թևերը: Զգացմունք է` միտք չկա, խոնարհում է` ըմբոստություն չկա, անարդար ենք ինքներս մեր նկատմամբ. ուրիշն արդար չի՛ կարող լինել:
Եթե հույսներս
մե՛զ վրա չենք դնում, ապա գոնե Աստծո վրա դնենք, բայց ոչ երբեք՝ օտարի: Չէ՞ որ ապրել՝ նշանակում է մրցել: Ու մենք մեր մրցակցից օգնություն
ենք ակնկալում.
ծիծաղելի է: Մրցակցի դեմ պայքարում են, բռունցք են սեղմում և ոչ թե մնում նրա ողորմածությանը:
Որովհետև, երբ մենք հույսներս
ենք օտարի վրա դնում, նա իր լուծն է մեզ վրա դնում և էլի ուրիշ բաներ:
Դժվար է բարակ անձրևի տակ աշնանային
լուծ քաշելը, երբ, մանավանդ,
խոփդ քարին է դեմ առել:
ՎԱՍ
2008 թ.
2008 թ.
Комментариев нет:
Отправить комментарий