вторник, 18 марта 2014 г.

ԱՐԱ ՇԻՐԱԶ. «Կյանքը արվեստ է»


Կյանքից հեռացել է քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ ԱՐԱ ՇԻՐԱԶԸ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2005 թվականին «9-րդ հրաշալիքում» տպագրված հարցազրույցը նրա հետ:

«Ռուսերենով ուղեկցվող խնջույքներում ես Չարենց էի արտասանում»


«Իմ գործերի կողքով անցնելիս հետաքրքիր մի զգացողություն եմ ունենում: Դրանք այլևս իմը չեն, այլ ժողովրդինը»,- ասում է քանդակագործ ԱՐԱ ՇԻՐԱԶԸ:
Այս տարի ամռանը Երևան քաղաքում իր տեղը զբաղեցրեց մեծ բանաստեղծի՝ Հովհաննես Շիրազի հուշարձանը: Մեր քաղաքը վաղուց էր սպասում դրան: Արձանի հեղինակը բանաստեղծի որդին է՝ Արա Շիրազը: Հովհաննես Շիրազի հուշարձանի բացումը տեղի ունեցավ նաև Գյումրիում, մի փոքր ավելի ուշ` սեպտեմբերի 24-ին, երբ գյումրեցիները նշում էին իրենց քաղաքի օրը:


– Հովհաննես Շիրազը միայն իմ հայրը չէ, նա հայ ազգի գագաթներից մեկն է: Արձանի նախանմուշը ես վաղուց ունեի: Առաջարկն անսպասելի էր: Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար Աղվան Գրիգորյանը ինձ հրավիրեց և խնդրեց ընդառաջել համայնքի բնակիչների խնդրանքին ու մեծ բանաստեղծի հուշարձանը կանգնեցնել իրենց համայնքում: Կառուցմանն աջակցեցին «Հանրապետական» կուսակցությունը և վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
– Այն հուշարձանը, որ տեղադրված է Մալաթիա-Սեբաստիա համայնքում, դեմքով նայում է մեծ զորավարի՝ Անդրանիկի հուշարձանին, իսկ հետևում եկեղեցին է: Սա ինչ-որ խորհուրդ ունի՞ իր մեջ:
– Իհարկե, և խորհուրդները շատ են: Եկեղեցին վկան է մեր պատմության, իսկ այն փոքր ժայռաբեկորը խորհըրդանշում է Հայաստանը, ուր փոքր ուրվագծով պատկերված է նաև Մասիսը: Գաղափարները նույնպես շատ են: Փորձել եմ ընդգծել շիրազյան համարձակությունը, ազատության տենչը, նրա մտքերը և ոգին:
– Հե՞շտ է լինել Շիրազի որդին և ունենալ մայր, որը մայրն է ողջ Հայաստանի:
– Տարիների ընթացքում հասկացա, որ ոչ, հեշտ չէ: Եթե ինչ-որ մեկը չէր սիրում Շիրազին, չէր սիրում և ինձ, և ընդհակառակը, եթե սիրում են նրան, սիրում են և ինձ… Իմ ձեռք բերած ինչ-ինչ փոքր հաջողությունները վերագրվում են ծնողներիս:
– Բայց չէ՞ որ գեները մեծ դեր են խաղում:
– Դեմ չեմ, բայց անմիջական փոխանցումը կասկածելի է: Ես ավելի շուտ տատիս, պապիս գեներն եմ ժառանգել, քան հորս ու մորս: Բանաստեղծ հայրս բոստանչի Թադևոսի որդին էր:
– Գուցե նրա ընդունակությունները պարզապես չե՞ն բացահայտվել:
– Այ հենց դա եմ ուզում ասել: Գեները թաքնված են ժողովրդի մեջ: Եվ այն, ինչ դու ունես, ժողովրդի հարստությունն է:
– Հրաշքները շատ են: Հրաշալիքները՝ 7-ը: Ո՞րն է Ձեզ համար 8-րդ հրաշալիքը:
– Մասիս սարը. մի՞թե հայի համար կարող է լինել ավելի մեծ հրաշք:
– Շիրազը հայրենապաշտ էր: Նրա վերաբերմունքը Մասիսի հանդեպ, մոր, հայրենիքի, կարելի՞ է ասել, որ անցել է Ձեզ:
– Ես պոետ չեմ և այդպիսի առանձին բաժիններ իմ արվեստում չկան: Բայց այդ ամենը խտացված է մի ընդհանուր գաղափարի տակ՝ Արարատի: Այն և՛ մայր է, և՛ հայրենիք, և՛ ներկա, և՛ ապագա:
– Ի՞նչ խորհուրդ ունի կավը: Ինչո՞ւ շատ արձանագործներ նախընտրում են կավը:
– Կավը հողի խորհրդանիշն է: Հողը՝ մարդկության ամենաճիշտ, ամենաստույգ խորհրդապատկերն է: Աստվածաշունչն ասում է՝ հող էիր, հող դարձար… Քանդակներ են ստեղծում մարմարից, բրոնզից, փայտից, անգամ թղթից… Սակայն կավի հետ շփումը մի ուրիշ պատրանք է ստեղծում: Բրուտագործությունը, որ արձանագործությունից էլ առաջ է եղել, չէ՞ որ զուտ կենցաղային առարկաների ստեղծում չէր, այլ անմիջական շփումն էր, կապը իր և մայր հողի հետ:
– «Արվեստն արվեստի համար» սկզբունքն ընդունելի՞ է Ձեզ համար:
– Հարցը՝ ո՞վ ենք մենք, ի սկզբանե հետաքրքրել է մարդուն: Եվ հենց այս հարցը, այս անբացատրելի տիեզերքի գոյությունն է, որ ստիպում է մարդուն պրպտել, մտածել, քանդակել, ստեղծել: Ի՞նչ է նշանակում «Արվեստն արվեստի համար»: Սա անգամ չի էլ մոտեցնում այդ մեծ հարցին, որից էլ և ծնունդ են առնում բազմաթիվ այլ հարցեր: Ո՞վ եմ ես: Ի՞նչ եմ անում այս անհայտ, դաժան ու գեղեցիկ աշխարհում: Ո՞վ է ինձ ստեղծել այնպես, ինչպիսին որ կամ: Չէ՞ որ կարող էի մեկը լինել բազում գազաններից, շատ նման, ասենք, կապկին կամ վագրին:
– Արվեստը տալի՞ս է այդ հարցերի պատասխանը:
– Զարմանալի կլիներ, եթե ինչ-որ մեկը պատասխան ունենար: Փորձում են…
– Իսկ Աստվածաշո՞ւնչը:
– Ըստ իս՝ Աստվածաշունչը հաշտեցնում է մարդուն իր ճակատագրի հետ և հենց այն հանգամանքի, որ կա հարց, որի պատասխանը նա չի կարող գտնել: Վերջապես, սովորեցնում է մարդուն մարդ մնալ:
– Ինքնատիպությունն ու ազատությունը Ձեր մտածելակերպի և արվեստի գըլխավոր գիծն են, ներքին մղումը: Բայց որքանո՞վ է ժողովուրդը ճանաչում այսօր իր արվեստագետին և նրա արվեստը:
– Դա կախված է նրանից, թե որքանով է տեսանելի ասելիքը: Դրա համար ստեղծածդ քանդակը կամ արվեստի ցանկացած գործ պետք է համապատասխանի գլխավոր ասելիքիդ: Եվ արդեն այլ հարց է՝ կհամաձայնե՞ն քեզ հետ, թե՞ ոչ:
– Որպես արվեստագետ` ինչ կասեք. ինչպիսի՞ն է մեր քաղաքը, շատ չի՞ այլանդակվել այն այսօր:
– Ո՞ր տեսակետից. որ մի բան կառուցվում է, ուրեմն բավարա՞ր է, թե՞, որ կառուցվում է, բայց բավարար չէ: Երևանը կորցրել է իր դեմքը: Կհարցնեք ինձ՝ ունեցե՞լ է արդյոք: Իհա՛րկե, ունեցել է: Դա ամենևին էլ թամանյանական դեմքը չէ (նա ավարտին չհասցրեց իր գաղափարը): Երևանը ուներ մի հիանալի միասնություն՝ թամանյանական և հին Երևանը: Այսօր քանդվել, աղճատվել է և՛ թամանյանականը, և՛ հինը:
– Իսկ ի՞նչ կասեք լեզվի մաքրության մասին:
– Տեսականորեն ավելի լավ է: Ասեմ ինչու: Այն ժամանակ խնդիրը ամենօրյա էր: Ես և իմ շրջապատի մարդիկ մեծ ցավով էինք նայում ստեղծված պատկերին՝ ռուսական դպրոցներ, ռուսական խոսք… Հայկական շատ օջախներում միայն ռուսերեն էին խոսում: Ես մի վատ սովորություն ունեի. երբ խնջույքը, միջոցառումը ուղեկցվում էր գլխավորապես ռուսերեն լեզվով, բաժակ էի բարձրացնում և արտասանում ոչ ավել, ոչ պակաս՝ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ն: Իբրև բողոք, ըմբոստություն: Այդ լռելյայն ռուսացումը այսօր չկա: Իհարկե, տխուր է, երբ նայում ես օտար կամ կիսահայերեն լեզվով գըրված ցուցանակներին: Բայց նա, ով անում է դա, չի էլ հասկանում իր արմատների ուժը, փոքր, բայց հզոր էությունը: Իսկ ի՞նչ են մտածում ղեկավար այրերը: Այ, հենց ամենաթողությունն է ստեղծում այդ օտարամոլ պատկերը:
– Պատկերացնո՞ւմ եք կյանքն առանց արվեստի: Այսօր շատ չե՞նք հեռացել դրանից:
– Կյանքը արվեստ է: Թեև դա քչերն են հասկանում: Ազգի հոգին, կերպարը, նպատակը, որ ունենք, երազանքը, տեսիլքը. այս բոլորը ցույց է տալիս արվեստը: Այսօր քանդվում է հինը, բայց ստեղծվում է նորը: Գուցե փորձում են ստեղծել, նոր գաղափարներ առաջ քաշել. համենայն դեպս, ես չեմ տեսնում: Մեր ունեցած ներուժով առաջ ենք գնում: Ամերիկանացման դեմ Եվրոպան պայքարում էր 60-ականներից, իսկ մենք ընթանում ենք այդ ճանապարհով:
– Եվ ո՞ւր է տանելու այդ ճանապարհը:
– Հույսս մեր հզոր մշակույթն է, մեր մեծերը, մեր անցած ճանապարհը… Նայեք հրեաներին. իրենց պետականության համար պայքարեցին 2000 տարի: Իբրև երազանք ունենալով Ավետյաց երկիրը՝ հաղթահարեցին ամեն դժվարություն՝ սով, հալածանք, արհամարհանք, ջարդ… Սա հիանալի մի օրինակ է ողջ մարդկության համար:
Մեր ունեցածը մի կտոր հող է, մի կտոր հայրենիք ու ամեն գնով պիտի պահպանենք այն…

Զրույցը` ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ



«9-րդ հրաշալիք», թիվ 351
21-27 նոյեմբերի 2005 թ.

Комментариев нет:

Отправить комментарий