пятница, 22 июня 2012 г.

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հիշում եմ, թե մի կես հազարամյակ առաջ ի՜նչ վիճակ էր: Արժանապատվությունս գցեիր շանը` չէր ուտի: Գետնին կպած, ծեծկված, շան օրն ընկած, աշխարհի աչքից հեռու, իմ աշխարհի մեջ ապրում էի ու կուլ գնում: Ընտանի կենդանիներն ավելի շատ իրավունքներ ունեին, քան ես: Ինձ ստորացնում էին, նվաստացնում, հրճվում իմ տառապանքներից: Իմ ունեցած ամեն ինչը իմը չէր: Ինձ ծվատողն անպատիժ էր, Աստված ինձ էր պատժում, որ թույլ էի: Այդպես ապրելն անհնար էր, բայց ես, ի հեճուկս անհնարի, ապրում էի: Երջանիկ էի դառնում միայն երազներում ու երազանքների մեջ. հորինում էի մեծ-մեծ երազանքներ ու հրճվում. չէ՞ որ այդտեղ հաղթում էի թշնամիներիս: Ինչ-որ բան կրծում էր ներսս, կորստյան մի ցավ ճանկռում էր հոգիս, բայց մոռացել էի, թե ինչ եմ կորցրել:
Հետո դանակը ոսկորին հասավ. ցավի մեջ հիշեցի, որ կորցրել եմ պետականություն ու կորցնում եմ հայրենիք… Կորցրել եմ արժանապատվություն, առաքինությունը հալումաշ է լինում, ապրելու տենչը մարմրում է աչքերիս մեջ:
Հիշում եմ, ոնց որ երեկ լիներ:
Օտարի ձեռքին խաղալիք լինելու ժամանակները եկան: Ով ինչ վատություն կարող էր` արեց, նույնիսկ որոշեց մինչև վերջին մարդը նահատակել… Դա էլ տարա… Մտքումս աճում էր հին կորցրածը: Հիշել էի ու չէի նայում ցավին: Ստեղծեցի պետություն: Ի՜նչ երջանիկ էի: Արժանապատվությունս վերադարձավ իմ մեջ… Ապրեցի, բայց չհասցրի ապրեցնել երազանքներս: Նորից ընկա: Սակայն մի յոթանասուն տարի լավից վատից ապրեցի, ինձ մարդ էի զգում, ամբողջի մի մաս…
Հիմա ունեմ պետություն: Սակայն մի տեսակ ներսումս կորել է պետությունը: Կարծես դրսում լինի, իմը չլինի: Երևի սովոր չեմ… Պիտի ընտելանամ ինքնուրույն ու արժանապատիվ ապրելուն: Հիմա որ մտածում եմ, թե ինչ էի առաջ ու հիմա` հպարտ եմ զգում ինձ… Ես իմ փոքրիկ տեղն ունեմ աշխարհում և ամենակարևորը` կարող եմ այդ տեղը պաշտպանել թշնամիներից, որոնց Աստված տվել է ու չի խնայել…
Այսօր ես պետություն ունեմ, այսինքն` միջազգային արժանապատվություն ունեմ. գուրգուրում ու փայփայում եմ այն:
Ի՛նչ երջանկություն է, երբ կարող ես տեր կանգնել քո ուրախություններին ու վշտերին:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий