пятница, 2 марта 2012 г.

ԱՆԴՐԱԴԱՐՁ



ԵՍ ԿԱՐԴՈՒՄ ԵՄ
Վերջերս Ալեքսանդրիայի գրադարանում մի հետաքրքիր ձեռագրի պատառիկ են գտել, որի մեջ մի գիտնական` նախկինում փականագործ, դիմում է մյուսին` ասելով. «Եթե դու քեզ դոկտոր-պրոֆեսոր ես համարում, ապա գոնե պիտի իմանաս տառերի անունները»: Մյուսը պատասխանում է. «Եթե ես կարողանամ կարդալ քո գրածը, ուրեմն կոշկակար չեմ»:
Հետաքրքիր երկխոսություն էր, սակայն կցկտուր:
Թերթում մի դոկտոր-պրոֆեսոր (Լենդրուշ Ալոյան) մի հոդված էր գրել «Մայրենի–2» դասագրքի մասին: Երկու նախադասություն ինքն էր գրել, 20 նախադասություն մեջբերում էր արել: Դե հասկանալի է` դոկտորական է: Միայն հասկանալի չէ, թե պրոֆեսորն ինչպես չի տարբերում հրաՏարակելը հրաՊարակելուց:
Ամենազարմանալին այն է, որ ոչ մի անգամ չեղավ, որ չնենգափոխեն դասագրքում գրածը:
Այս դոկտորն էլ բացառություն չէր:
Դասագրքում գրված է` Եչսե կենայբրեդաումեն եչմեն: Նա գրել է` եչսե, կենայբրեդաումեն, եչմեն
Ձեզ կթվա` մանրուք է, որ հարգարժան դոկտորը բացատները փոխարինել է ստորակետերով, «մոռացել է» վերջակետը և այն, որ արտահայտությունը սկսվում է մեծատառով: Ասեմ, որ ամենևին մանրուք չէ: Կհամոզվեք հետո: 
Մի քիչ զարմանալի է, որ դոկտորը զարմացել է, որ 7 տարեկան երեխաներին թեմայի ամփոփման հարցերի ու առաջադրանքների մեջ տրվել է այս հարցը. թվի՛ր այս բաժնի` քեզ հանդիպած լեզվական խաղերը: Որո՞նք քեզ դուր եկան, ինչո՞ւ:
Ի՞նչն է տարօրինակը կամ զարմանալին: Երեխան բազմաթիվ բառախաղեր, լեզվատրամաբանական առաջադրանքներ է կատարել: Հիմա, թեման ամփոփելիս, հարցնում ենք` դրանցից ո՞ր մեկը քեզ ավելի շատ դուր եկավ: Ի՞նչն է անհասկանալի` անհասկանալի է: Անհասկանալի է նաև այն, որ ուսուցչուհին ամփոփման առաջադրանքները հանձնարարել է որպես տնային առաջադրանք: Դրանք պետք է դասարանում կատարվեին:
Դառնանք մեր գաղտնագրին:
Երեխան դեռևս «Այբբենարանից» գիտի տառանունները: «Մայրենի–1» դասագրքում նա բազմաթիվ առաջադրանքներ է կատարել տառանունների վերաբերյալ: Օրինակ` ՍԴ = Սեդա, ՇՔ = Շաքե և այլն: «Մայրենի–2»-ում էլ մինչև ամփոփիչ դասին հասնելը նա լուծել է նմանատիպ առաջադրանքներ:
Այս առաջադրանքների նպատակը երեխաների մեջ հայոց տառանունների իմացության ամրապնդումն է, ոչ ստանդարտ, այսինքն` ոչ դոկտորական մտածողության զարգացումը:
Ես բազմաթիվ ուսուցիչների հետ եմ զրուցել, չի եղել որևէ մեկը, որ դժվարացել է գաղտնագիրը վերծանելիս: Հիմնականում վերծանել են երեխաները, երբեմն` ուսուցչի հուշումով: Չհիմնավորված մեղադրանքներով, սեփական անճարակությունն ի ցույց դնելով, վիրավորել մի ողջ կոլեկտիվի, նաև դասագրքաստեղծ գործն առհասարակ, կարծում եմ` շատ է սազում դոկտորին, այն էլ` պրոֆեսոր:
Որպես տեղեկանք նշեմ, որ դասագրքաստեղծ խմբում ընդգրկված են գրող, մեթոդիստ, հոգեբան, լավագույն ուսուցիչներ և մեկ փականագործ` դոկտոր-պրոֆեսոր:
Ինչ արած, երևում է` մի նոր «Եղծ դոկտորաց» էլ պիտի գրեմ:

ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Հ. Գ. Քիչ էր մնում մոռանայի: Հարգելի ընթերցողներ, տառանունները փոխարինեք համապատասխան տառերով և կարդացեք գաղտնագիրը:

2 комментария:

  1. Կարծես թե խաղերի միջոցով լեզու ուսուցելու մոլուցքը վերածվել է տափակաբանության։ Երեխաները այս դատարկաբանությունների պատճառով անլուրջ են վերաբերվում բուն լեզվին ,իսկ դուք ձեր ռեբուսագիտությանն եք զոռ տալիս։

    ОтветитьУдалить