вторник, 12 февраля 2013 г.

ԿԻՆԸ



Շատ բարձր սարի վրա եմ կանգնած: Շուրջս անտառներ են, ամպեր, գազաններ: Հսկայական գետը ջրվեժ է դարձել: Ջրի կաթիլները պսպղում են օդում, քարերի ու կանաչների վրա: Ամպերը երևի տխրության ամպեր են, որովհետև մեն-մենակ են: Եթե ուրախության լինեին, ամպ չէին լինի, այլ ուրիշ մի բան. ասենք` արև, ծիածան կամ էլ կապույտ երկինք:
Մեն-մենակ եմ: Տեսնում եմ, թե ինչպես են գազանները սիրում իրար, թռչունները սիրում իրար, երգում ու պարում: Իսկ ես այդպես նստած եմ քարին ու աչքերս հառել եմ դեպի երկինք: Սակայն Արարիչը կարծես չի ուզում տեսնել իմ տխրությունը: Նայում եմ ներսս ու հարցնում նրան. «Ինչո՞ւ եմ ես մենակ: Ամեն ինչ ունեմ: Կարծես դրախտում եմ, բայց ոնց որ թե մի բան պակաս է»:
– Նախ` ոչ թե կարծես, այլ իրոք դրախտում ես,– պատասխանեց Արարիչը,– և երկրորդ` դու մենակ չես, ամբողջ երկինք-գետինը քոնն է:
– Ես ուզում եմ…
– Գիտեմ` ինչ ես ուզում:
Ու Արարիչն արարեց կնոջը: Ու որ ուրախությունից կամ վախից սիրտս չպայթի, ինձ քնեցրեց. նախ երազումս ցույց տվեց կնոջը, ապա, երբ արթնացա, ցույց տվեց ու ասաց.
– Ահա քեզ ընկեր:
Ես արթնացա ու ի՜նչ տեսնեմ. մի շատ զարմանալի կենդանի էր ստեղծել Արարիչն ինձ համար: Չգիտեմ ինչու` անընդհատ ուզում էի ձեռք տալ նրան, շոշափել: Սակայն նա փախչում էր ու կարմիր խնձորն էր ցույց տալիս: Վերջը համոզեց: Կերա: Ու մինչև հիմա այլևս պրծում չունեմ, առանց նրա կյանք չունեմ, առանց նրա չեմ ուզում մեկ օր իսկ ապրել. դրել եմ գլխիս, ման եմ ածում, հենց կարողանում եմ, իջեցնում եմ:
Այսպես եկա-հասա 21-րդ դար: Հիմա է՛լ ավելի եմ սիրում կնոջը, արդեն նույնիսկ Արարչին եմ մոռանում, ամեն ինչի տեղը կինը լցնում է, դեռ մի բան էլ ավելի:
Հիմա ասում եմ, սիրելի կանայք, քանի՜-քանի հավերժություն է անցել, երբ առաջին անգամ հանդիպեցինք, բայց դուք միշտ թարմ եք ու ցանկալի, սիրելի եք ու ներելի, մեզ թևութիկունք եք ու գըրկընդխառը, մեր մայրն եք ու քույրը, կինն ու աղջիկը, մեր ապրելու կամքը, արարելու ջիղը, մեր պատեպատ խփվող անհանգստությունն ու անդորրը երանավետ:
Շնորհակալություն Արարչին, որ մենակ չթողեց ինձ` տղամարդուն, ձեր միջոցով դրախտի դռներ բացեց մեր առջև, հրճվանքի ու բերկրանքի արևներ բացեց մեր առջև երկնքում: Եվ ջրվեժի քարափին նստած միայնակ մարդը գլխիվայր նետվեց սիրո ծովը:
Թեև, խոսքը մեր մեջ, ես երբեմն ինձ խիստ միայնակ եմ զգում:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий