вторник, 10 января 2012 г.

ՍԽԱԼ ԵՎ ՃԻՇՏ




ՍԽԱԼՆԵՐ ՄԱՄՈՒԼԻՑ 


Այս բաժնում ներկայացնում ենք տեղեկատվամիջոցներից քաղված այնպիսի արտահայտություններ, որոնցում այս կամ այն չափով աղավաղված է հայերենը: Սխալները հիմնականում ընդհանրական են, ուստի դրանց շտկումն ուսանելի է:

ՍԽԱԼ է. «Անվստահության և կասկածամտության դարաշրջանի ավարտի մասին խոսելը դեռ վաղաժամկետ է»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ոչ թե «վաղաժամկետ», այլ «վաղաժամ», «վաղ»:

ՍԽԱԼ է. «Մարդիկ հևիհև, տարածություններ քայլելով....»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Տարածությունը չեն քայլում, այլ քայլելով անցնում են, կտրում են:

ՍԽԱԼ է. «Նախկին բոլոր միջնորդությունները ձախողվեցին հենց այդ պատճառով»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «Նախկին»-ից գերադասելի է «նախորդ»-ը:

ՍԽԱԼ է. «Աշխատում ենք մեր ուշադրությունը սևեռել զոհվածների ընտանիքներին: Նրանցից շատերը բազմազավակ ընտանիքների տեր են»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Զոհվածների մասին պետք է ասվեր «տեր էին», ոչ թե «տեր են»: Իսկ ավելի լավ կլիներ ասել. «Դրանցից շատերը բազմազավակ ընտանիքներ են»:

ՍԽԱԼ է. «Հարցն այնքան էլ նրբանկատ չէ»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Նրբանկատ, փափկանկատ լինում է մարդը, իսկ հարցը լինում է նուրբ, նրբին, փափուկ:

ՍԽԱԼ է. «Հաջողություն մաղթենք նախարարության նոր պաշտոնյային ի շահ բոլորիս և ի շահ ինքն իրեն»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Էլ ինչո՞ւ «ինքն իրեն», «իրեն»-ը քի՞չ է: Եվ պետք չէ շահ տեսնել հաջողություն մաղթելու մեջ:

ՍԽԱԼ է. «Որպեսզի հետևել ճշմարիտ իսլամի դասին»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Կոպիտ ռուսաբանություն է: Պետք է լիներ, ասենք, «հետևելու համար»:

ՍԽԱԼ է. «Ժողովը որոշեց զարգացնել միության գործընթացը»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Միությունն այնպիսի մի բան չէ, որ գործընթաց ունենա, միավորումը կարող է ունենալ:

Комментариев нет:

Отправить комментарий