суббота, 28 января 2012 г.

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ


ԻՆՉՊԵՍ @ ՆՇԱՆԸ «ՇԱՆ ՕՐՆ ԸՆԿԱՎ»


Այն մարդը, որին համարում են էլեկտրոնային փոստի և @ նշանի հեղինակ, ամենևին էլ դրանց հեղինակը չէ, թեև «շնիկի» և էլ. փոստի առաջացման պատմությունները սերտորեն միահյուսված են:

Ենթադրվում է, որ @ նշանը սկիզբ է առնում միջնադարից և, իբր, դրա հեղինակները վանականներն են, որոնք հանդիսանում էին հին ձեռագրերի ու գիտելիքների պահապանները: Նրանք զբաղվում էին թարգմանություններով և գիտական աշխատությունների արտագրությամբ, այդ թվում` գրված լատիներենով: Այդ լեզվում օգտագործվում է “ad” նախդիրը, որը մոտավորապես համարժեք է «դեպի», «մեջ», «վրա» բառերին: Վանականները d-ն գրում էին փոքր պոչիկով, և տառը նմանվում էր շրջված 6-ի` д: Եվ այդպես ад-ն արագորեն վերածվեց @-ի:
XV դարում @ նշանը նորից է ի հայտ գալիս: Իսպանացի վաճառականներն այն օգտագործում էին որպես կշռաչափի «առոբա» միավորի (մոտավորապես 11,52 կգ) կրճատ նշան: Ուշագրավ է, որ այդ միավորն օգտագործվում էր անասունների և գինու քաշը նշելու համար:
Վերածննդի դարաշրջանում @-ն օգտագործվել է գինը նշելու համար, իսկ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում (կապիտալների, առաջին սակարանների, հաստոցների և այլնի ժամանակաշրջան) @-ն անփոփոխ կերպով հանդիպում էր հաշվապահական փաստաթղթերում:
Ռեյ Թոմլինսոն
Այսպես «շնիկը» $, %, # և «հաշվապահական» այլ նշանների հետ տեղափոխվեց ստեղնաշարի վրա: «Շնիկը» համբերատար սպասում էր իր աստեղային ժամին: Մինչև այն պահը, երբ նրա վրա պատահաբար ուշադրություն դարձրեց ամերիկյան BBN Technology ընկերության հետազոտող Ռեյ Թոմլինսոնը:
Այստեղ անհրաժեշտ է շեղվել և մի երկու խոսք ասել, թե ինչով է զբաղվել Թոմլինսոնը, և ինչու են նրան համարում ոչ միայն էլեկտրոնային փոստի, այլև @ նշանի հեղինակ, թեպետ ո՛չ մեկն է նա ստեղծել, ո՛չ էլ մյուսը: Վերը նշված ընկերությունը 1960-ականների վերջերին դարձավ Ինտերնետ համացանցի անմիջական նախատիպի` ARPANet համակարգչային ցանցի նախագծի մասնակիցներից մեկը: Այդ նախագիծն իրականացվում էր ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պատվերով: Այդ թվականներին արդեն գոյություն ունեին ծրագրեր, որոնց շնորհիվ կատարվում էր ֆայլերի և հաղորդագրությունների փոխանցում մի օգտագործողից մյուսին: Սակայն և՛ ուղարկողը, և՛ ստացողը օգտվում էին միևնույն համակարգչից: Ամենաարագ մոդեմն այն տարիներին ներկայիս մոդեմներից 200 անգամ դանդաղ էր աշխատում:
Թոմլինսոնը զբաղվում էր փոստային ծրագրերի մշակմամբ և վիրտուալ փոստային արկղերի ստեղծմամբ: Ըստ էության, վիրտուալ փոստային արկղը մի ֆայլ էր, որը սովորական ֆայլից տարբերվում էր նրանով, որ օգտվողները չէին կարող ուղղել հաղորդման բովանդակությունը, այլ կարող էին միայն ավելացում կատարել: Թոմլինսոնի առաջին հաղորդագրությունն ուղարկվել էր մի համակարգչից մյուսին, որը գտնվում էր նույն լաբորատորիայում: Իրոք հեռու գտնվող համակարգչին ֆայլերի «տեղափոխման» և այլ փորձերի կատարման համար Թոմլինսոնը ծախսեց մոտ կես տարի: Բնականաբար, կատարվածի մասին CNN-ի հաղորդավարները ոչինչ չասացին, և շնորհանդեսներ ու պարգևատրումներ չեղան: Կատարվածի մասին գիտեին նրա հարյուրից ոչ ավելի գործընկերները, որոնք գաղտնի հետազոտություններին ծանոթ լինելու թույլտվություն ունեին:
Այժմ վերադառնանք մեր «շնիկին»: Մի գեղեցիկ օր Թոմլինսոնը հայացք ձգեց ստեղնաշարի տառերին ու նշաններին` փորձելով գտնել մի այնպիսի նշան, որը նախ` չպետք է լիներ որևէ անվանման մեջ, և երկրորդ` շահագործողի անունը պետք է անջատեր համակարգչի անունից: Դա պետք է լիներ ունիվերսալ ալգորիթմ` անուննշանտեղ: @-ը նշված խնդրի լուծման լավագույն բանալին էր: Ինչպես հետագայում նշեց ինքը` Թոմլինսոնը, որին ողջ կյանքում հանգիստ չէին տալիս լրագրողները, դա միակ հնարավոր տարբերակն էր: Իր իսկական ծնունդը @-ը վերապրեց 1980-ականներին, երբ սկսվեց համակարգչային հեղափոխությունը, և անհատական համակարգիչները դուրս եկան լաբորատորիաների սահմաններից:
«Շնիկ» անվան ստուգաբանությունն ավելի խճճված է: Փաստորեն, միայն նախկին խորհրդային հանրապետություններում են այդ նշանն այդպես անվանում: Ասում են, որ կորեացիները @-ը կոչում են «խխունջ», ֆինները` «քնած կատու», հունգարացիները` «որդ», չինացիները` «մկնիկ», շվեդները` «դարչինով բոքոնիկ»...
Համացանցի պատմությունը կարելի է կոչել մոռացված անունների պատմություն, թեև այն ստեղծողներից գրեթե բոլորը ողջ են: Այդ իսկ պատճառով, կարծում ենք, արժե գոնե հիշատակել այն մարդկանց անունները, որոնք ժամանակակից տեսքի բերեցին էլ. փոստը:
Դա Դուգլաս Էնգելբարտն է, որն ստեղծել է ոչ միայն համակարգչային մկնիկը, այլև տեքստային հաղորդումների փոխանակման համակարգը, որից հետո Թոմլինսոնը դրան փոստային ծրարի տեսք տվեց` «որտեղ», «ում» տողերով և նամակի տեքստի համար նախատեսված հատվածով: Այնուհետև ծրագիրն ավարտուն տեսքի հասցրեց Լոուրենս Ռոբերտսը, որը ներմուծեց ստացված բոլոր նամակների ցանկին ծանոթանալու հնարավորությունը և անհրաժեշտ հաղորդագրության ընտրովի ընթերցումը, ուղարկումն այլ հասցեատերերին և պատասխանի ավտոմատ նախապատրաստման հնարավորությունը:
Չնայած Թոմլինսոնին «հեղեղած» մեծ փառքին, նա բարեհոգի մարդու տպավորություն է թողնում: Բազմաթիվ հարցազրույցներով ճոխ տոնախմբություն տեղի ունեցավ 2001 թ. աշնանը` էլեկտրոնային փոստի 30-ամյակը նշելու կապակցությամբ, թեև ակնհայտ է, որ էլ. փոստը չէր կարող առաջանալ մեկ օրում, իսկ «ստացված առաջին նամակն» իրականում ուղարկվել է նույն համակարգչից և ամենևին էլ ոչ 1971-ին:
Պատրաստեց ԱՐՏԱՇԵՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ

Комментариев нет:

Отправить комментарий