понедельник, 12 декабря 2011 г.

ՍԵՎԱՆ




                         Մեր արցունքն էլ է քեզանից ծնվում...

Զոհասեղանին տրոփող իմ սիրտ
Վիրավոր ծովակ, դողում ես ցավից,
Եվ ալիքներդ ձեռքով են անում
Եվ մեզ եւ իրար հրաժեշտ տալիս:

Ավերակ ծովակ, ժպտում ես թույլ-թույլ,
Ավերակ վանքից նայում եմ ես քեզ,
Ավերակ բերդը՝ մահացած մի ձուկ`
Երախը բացած երկինք է թռել:

Քեզ կորցնում եմ վայրկյան առ վայրկյան.
Դու բերանքսիվայր ընկած խաչքար ես,
Կաթիլ առ կաթիլ մահն է անարժան
Տանում արյունդ` նախշդ հանճարեղ:

Ես մեծացել եմ տարիների հետ,
Դու փոքրացել ես ամեն ակնթարթ,
Արցունք ես դարձել, լցվել աչքիս մեջ`
Երազ ես դարձել իմ աչքի առաջ:

Սուրբ մկրտարան` արդեն կործանվող,
Բուռ-բուռ գողանամ, ո՞ւր պահեմ ջուրդ
Ա՜խ, դու ինձանից լավատես ես, ծո՜վ,
Հազա´ր ներում կա քո մի կաթիլում:

Իջնում է ջուրդ ու նրա միջից
Կղզյակի նման ճակատս է բացվում,
Քամին ավազ է մաղում իմ դեմքին,
Եվ անապատ է իմ մեջ արթնանում:

ՎԱՍ
1984 թ.





Комментариев нет:

Отправить комментарий