четверг, 29 декабря 2011 г.

ՍԵՐՆ ՈՒ ՀԱՅԸ



Նկարը` ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆԻ
Ահա երկու բան, որ սակավ են Հայաստանում կամ ամենևին չկան: Ընդ որում, մեկի գոյությունը կամ չգոյությունը պայմանավորված է մյուսով. Սեր չկա, որովհետև Հայ չկա Հայաստանում և Հայ չկա, որովհետև Սեր չկա Հայաստանում:
Սիրի՛ր քո հայրենին, հիշի՛ր. քո սիրո մի հատիկ սերմը միլիոն ատելության դեմ է կռվում, քո մի հատիկ սերը տառապանքից հոշոտված բյուրավոր սրտեր է ապաքինում, թույլ մի՛ տուր, որ ներքին և արտաքին թշնամու ատելությունը խավարի մեջ պահի քո հայրենին: Վառի՛ր սերդ: Բայց հիշի՛ր. շատ շատերն են փորձելու փչել ու հանգցնել, շատ շատերի թունավոր շունչն է պարուրելու կրակը: Հնարավոր է` մենակ մնաս, բայց հիշի՛ր. քեզ նման մենակներ էլի՛ կան, հիշի՛ր. քեզ ոչ ոք պարտական չէ, բայց դու պարտական ես բոլորին:
Հիշի՛ր. եթե թշնամին սիրում է քեզ, ուրեմն հանգած է քո սերը, այսինքն` դու մեռած ես, այսինքն` դու մեռած ես առանց սիրո, այսինքն` հայրենին մեռած է առանց սիրո:
Ի՞նչ անենք, Տե՛ր Աստված: Այս քաղաքում, այս երկրում սերն այնքան է նվազել, որ ամեն մի Ալի ու Վալի կարող են սիրո պատրանք ներմուծել և փող աշխատել:
Այո՛, ամեն մի Ալի ու Վալի կարող են չհարգել քո ավանդույթներն ու լեզուն, պետությունն ու ազգայինը, կարող են զանգվածային տեղեկատվության միջոցներով սպանել քեզ ու քո մեջ եղած սիրո վերջին կայծերը:
 Իսկ միգուցե սեր չկա, որովհետև Հա՞յ չկա: Որտե՞ղ կարող ես գտնել հայի: Ոչ մի տեղ: Կան սովետահայ, ֆրանսահայ, հրեահայ, արաբահայ, թրքահայ, չկա հայ: Կան Եհովայի վկա հայ, մորմոնահայ, քրիստոնյա-դեմոկրատ հայ, հանրապետական ու դաշնակցական հայ, արդեն ձևավորվում է ալմական հայը: Ինչպե՞ս կարող է հիսունական հայը սիրել Քրիստոսի վերջին օրերի վկա հային, ինչպե՞ս կարող է աիմականը սիրել սիմականին: Արգելվո՛ւմ է: Արգելվում է, որ գյումրեցին սիրի ախալքալաքցուն, ապարանցին` ղարաբաղցուն: Երևանցին ոչ մեկին չպետք է սիրի: Մեզ համախմբում է ոչ թե սերը միմյանց նկատմամբ, այլ ատելությունը ուրիշի հանդեպ: Ահավո՛ր է: Մատղաշ կուսակցականներին արգելվում է կարդալ ուրիշ կուսակցությունների կամ չեզոք թերթեր. դաստիարակվում է ոչ թե հայ, այլ կուսակցական: Ամեն քայլափոխին ատելություն է սերմանվում մյուսի հանդեպ. ղեկավարը իր ստորադասին նայում է որպես ստրուկի և ատում է, ստորադասը իր ղեկավարին նայում է որպես ստրկատիրոջ և ատում է: Ոչ ուղղաձիգ, ոչ հորիզոնական ուղղություններով չկա սեր, կա զարգացող ու բազմացող ատելություն: Փողոցում քայլում ես ու զգում այդ ատելությունը բոլորի՛ մեջ: Բոլորն ատում են իրար, պատրաստ են հոշոտելու իրար, պաշտոնյան պատրաստ է պատառ-պատառ անելու ձեռքն ընկած մեկին, ոչ պաշտոնյան ցանկանում է հոշոտել նրան:
Եթե սեր չկա, էլ ի՞նչ ենք ուզում: Եթե մե՛նք չենք սիրում իրար, ապա ուրիշն ինչպե՞ս սիրի, ապա Աստված ինչպե՞ս սիրի մեզ:
Շնորհավորում ենք բոլորի Նոր տարին և ցանկանում, որ Հայաստանում Սերն ու Հայը շատանան:

ՎԱՍ

1 комментарий: