четверг, 15 декабря 2011 г.

ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՆՁՐԵՎ



Աշուն է. բարակ անձրև է մաղում լեռների, դաշտերի, տերևների տակ ծվարած մրջյունի ընտանիքի, Լեռնային Ղարաբաղի ու մեր սրտերի վրա:
Ցուրտ է մեր սրտերում. անձրևն է պատճառը, թե խոսքերը, որ սառն են աշխարհի սառույցներից էլ, որ ասում են մեզ իբր բարեկամ օտարները:
Ո՞ւմ է հարկավոր մեր աչքի արցունքը. դրանով տանկ չես վարի ուրիշ երկրի տարածքով, հրթիռ չես լիցքավորի կամ ինքնաթիռ: Մեկ տոննա մեր արցունքը մեր մեծ եղբայրը չի փոխի մի կաթիլ նավթի հետ, թեկուզ այդ կաթիլը ծծելով հանի մեր թշնամու խողովակից:
«Սրանց (իմա՝ մեզ) ոչ երկիր է պետք, ոչ երկինք», մտածում են աշխարհի դըբռ ազգերը, «սրանք, մեկ է, երկրի ու երկնքի միջև են ապրում. է՜, թող ապրեն»:
Ու ծեծկում են մեզ, ստորացնում, որ ավելի հավատարիմ դառնանք ու ավելի լիզենք: Լիզե՜լ, լիզե՜լ, լիզե՜լ մինչև վերջ, մինչև քսի կտան ուրիշի վրա, որ մեր ու մանուկ չխնայելով կռվենք ուրիշի համար ուրիշի դեմ: Հետո նորից կապը վզներիս, մահակի ահը սրտներումս, լափը դեմներս՝ հաչա՛, հաչա՛, հաչա՛ արդարության ու տաղանդավորության մասին:
«Քարերով հալածիր այն շանը, որ տիրոջը թողած, քո հետևից է գալիս», ասում է խրատը: Ու մեզ հալածում են, որովհետև... անտեր ենք: Ո՛չ դրսից տեր ունենք, ո՛չ էլ, հատկապես, ներսից: Մեր հոգիներում անտերություն է, լինի տեր, թե ծառա:
Ու մաղում է աշնան բարակ անձրևն անտեր, թափառական շների վրա, իր ընտանիքի պատիվը կծոտելով պահող մրջյունի բնի վրա, Լեռնային Ղարաբաղի վրա, Նեմրութ սարի աստվածների վրա, ու անձրևաջուրը հոսում է ու արցունք է քշում համաշխարհային օվկիանոս, որն աղի է մեր արցունքի պատճառով:
Մի՞թե դեռևս բոժոժ ենք, թրթուր, ոտնակոխի ճիճու: Ե՞րբ պիտի բացվեն մեր թևերը: Զգացմունք է` միտք չկա, խոնարհում է` ըմբոստություն չկա, անարդար ենք ինքներս մեր նկատմամբ. ուրիշն արդար չի՛ կարող լինել:
Եթե հույսներս մե՛զ վրա չենք դնում, ապա գոնե Աստծո վրա դնենք, բայց ոչ երբեք՝ օտարի: Չէ՞ որ ապրել՝ նշանակում է մրցել: Ու մենք մեր մրցակցից օգնություն ենք ակնկալում. ծիծաղելի է: Մրցակցի դեմ պայքարում են, բռունցք են սեղմում և ոչ թե մնում նրա ողորմածությանը:
Որովհետև, երբ մենք հույսներս ենք օտարի վրա դնում, նա իր լուծն է մեզ վրա դնում և էլի ուրիշ բաներ:
Դժվար է բարակ անձրևի տակ աշնանային լուծ քաշելը, երբ, մանավանդ, խոփդ քարին է դեմ առել:
ՎԱՍ
2008 թ.

Комментариев нет:

Отправить комментарий