среда, 14 декабря 2011 г.

ՍԽԱԼ ԵՎ ՃԻՇՏ



ՍԽԱԼՆԵՐ ՄԱՄՈՒԼԻՑ 
Այս բաժնում ներկայացնում ենք տեղեկատվամիջոցներից քաղված այնպիսի արտահայտություններ, որոնցում այս կամ այն չափով աղավաղված է հայերենը: Սխալները հիմնականում ընդհանրական են, ուստի դրանց շտկումն ուսանելի է:


ՍԽԱԼ է. «1999 թ. աշխատում է….», «196569 թթ սովորել է….»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ.  Հիշեցնենք, որ «թվական» բառաձևի համառոտագրությունն է «թ.», այսինքն՝ «թ» տառը մեկ կետով, իսկ «թվականներ» բառաձևի համառոտագրությունը՝ «թթ.», այսինքն՝ երկու «թ», բայց նույնպես մեկ կետով: Սովորաբար «թ.» (համապատասխան ձևով էլ «թթ.») համառոտագրությունը ներկայացնում է «թվական», «թվականը», «թվականին» բառաձևերը: Նախադասության մտքից հեշտությամբ պարզվում է, թե որ դեպքում որ հոլովների վերջավորությունները պարզության համար պետք է նշվեն: Օրինակ՝ «1995 թվականից նա աշխատել է ուրիշ հիմնարկներում» նախադասության մեջ համառոտագրության դեպքում պետք է գրվի «թ.-ից» և ոչ թե «թ.», որը կկարդացվի «թվականին», և կփոխվի նախադասության միտքը:

ՍԽԱԼ է. «Այս գործում կարող եմ մեծապես օգուտ տամ, այնպես որ խընդրում եմ թույլ տաք գնամ»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Տարածված սխալ է. դիմավոր բայի հետ պետք է գործածել -ել, -ալ-ով վերջացող անորոշ դերբայ: Ճիշտը կլինի՝ «կարող եմ օգուտ տալ, խնդրում եմ թույլ տալ»:

ՍԽԱԼ է. «Տարեկետման իրավունք ունեցող սպաների ցանկը»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Սխալի հիմքում «տարկետում» բառի սխալ մեկնաբանությունն է: Այստեղ մենք գործ չունենք «տարի» բառի հետ: «Տարկետում»-ը բաղկացած է երկու բաղադրիչից՝ «տար», այսինքն՝ տարբերություն, զանազանություն, և «կետ»: Տարկետել, ուրեմն, մի կետից, ժամանակից տանել, փոխադրել մեկ այլ կետ, այլ ժամանակ:

ՍԽԱԼ է. «Միացյալ Նահանգների որոշումը անհանգստություն է առաջացրել Անկարայի և մասնավորաբար Բաքվի մոտ»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Նախ՝ ինչու՞ «Անկարայի ու Բաքվի մոտ», փոխանակ՝ «Անկարայում ու Բաքվում»: Երկրորդ՝ անտեղի է գործածված «մասնավորաբար»-ը, որը նույնն է նշանակում, ինչ որ «մասնավորապես»-ը: Պետք է մի պնդում արվի որևէ խմբի վերաբերյալ, որ կարելի  լինի այդ պնդումը «մասնավորապես» բառով մասնավորեցնել խմբի որևէ անդամի նկատմամբ: Ասենք՝ «Համերգի մասնակիցները շատ էին հուզվել, մասնավորապես (առանձնապես, հատկապես, մանավանդ և այլն) երգչուհին»: Իսկ Բաքուն Անկարայի մասնավոր դեպքը չէ:

Комментариев нет:

Отправить комментарий