четверг, 17 ноября 2011 г.

ՍԽԱԼ ԵՎ ՃԻՇՏ


ՍԽԱԼՆԵՐ ՄԱՄՈՒԼԻՑ 

Այս բաժնում ներկայացնում ենք տեղեկատվամիջոցներից քաղված այնպիսի արտահայտություններ, որոնցում այս կամ այն չափով աղավաղված է հայերենը: Սխալները հիմնականում ընդհանրական են, ուստի դրանց շտկումն ուսանելի է:



ՍԽԱԼ. «Վրաստանի դեսպանատունը գտնվում է Արամի փողոցի վրա»։

ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ճիշտը «փողոցում» ձևն է։




ՍԽԱԼ. «Այդ օրը ոչ մի որս չխփնվեց, և նրանք դափ-դատարկ վերադարձան տուն»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «Խփնվել» ձևը սխալ է, պետք է լիներ՝ «խփվեց»: Ընդհանրապես «խփնվել» ձև գոյություն չունի:




ՍԽԱԼ. «Բարի առավոտ»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ամեն անգամ առավոտյան այսպես է դիմում հաղորդավարն իր ունկնդիրներին: Բայց ինչո՞ւ ոչ՝ «բարի լույս», այլ «բարի առավոտ», չէ՞ որ վերջինը բացահայտ ռուսաբանություն է: Չենք կարծում, թե այդ հաղորդավարն ինքն առավոտյան իր ընկերոջը տեսնելիս ասում է՝ բարի առավոտ: Ուրեմն ռադիոյով էլ չպիտի ասի: «Բարի լույս, բարի օր, բարի երեկո, բարի գիշեր» շարքում վերջին երեքը համընկնում են ռուսերենի հետ, բայց առաջինը չի համընկնում, և կարիք չկա համընկեցնելու:


ՍԽԱԼ. «Բացի հիվանդանոցի շահերը, գլխավոր բժիշկն այլ շահեր չունի»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Այս նախադասության մեջ «բացի» կապի կողքին գրված «շահերը» բառը սխալ ձևով է գործածված: Պետք է լիներ՝ «բացի շահերից»: Չենք ասում, չէ՞, «հարևանները բացի», ասում ենք «հարևաններից բացի», «նրանից բացի» և այլն: «Բացի» բառը պահանջում է բացառական հոլով:

Комментариев нет:

Отправить комментарий