среда, 30 ноября 2011 г.

ՍԽԱԼ ԵՎ ՃԻՇՏ


ՍԽԱԼՆԵՐ ՄԱՄՈՒԼԻՑ 

Այս բաժնում ներկայացնում ենք տեղեկատվամիջոցներից քաղված այնպիսի արտահայտություններ, որոնցում այս կամ այն չափով աղավաղված է հայերենը: Սխալները հիմնականում ընդհանրական են, ուստի դրանց շտկումն ուսանելի է:


ՍԽԱԼ է. «Աշխատեք ավարտել ձեր գործերը արևամուտի նախօրեին»: 
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Հեշտ է նկատել, որ «նախօրե» բառը կազմված է «նախ» և «օր» բաղադրիչներից և նշանակում է` մի բանին նախորդող օր, նախօրյակ: Արևամուտը, որ տեղի է ունենում ամեն օր, չի կարող նախօրե ունենալ: Փոխարենը հարմար էր ասել` «նախքան արևամուտը», «արևամուտից առաջ», «մինչ արևամուտը»:



ՍԽԱԼ է. «Ազգաբնակչության ունեցած ապօրինի զենք-զինամթերքի առկայությունը չի բացառում նմանատիպ ողբերգությունների կրկնությունը»: 
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «Ունենալն» արդեն ենթադրում է «առկայություն»: Կրկնությունից խուսափելու համար կարելի է շարադրել, օրինակ, այսպես. «Ազգաբնակչության մոտ ապօրինի զենք-զինամթերքի առկայությունը չի բացառում նմանատիպ ողբերգությունների կրկնությունը»:


ՍԽԱԼ է.  «Ծնվել եմ Լիբանան»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Սա կիսաարևելահայերեն և կիսաարևմտահայերեն է: Քանի որ նյութը շարադրված է արևելահայերենով, ապա պետք է լիներ`«Ծնվել եմ Լիբանանում» (արևմտահայերենով` «ծնած եմ Լիբանան»):

Комментариев нет:

Отправить комментарий