среда, 18 января 2012 г.

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՄՈՒԿ. ՓԱՅՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԼԱԶԵՐ



Ժամանակակից կյանքն առանց համակարգչի պատկերացնելը շատ դժվար է: Համակարգիչն էլ իր հերթին «անօգնական է» առանց մկնիկի: Իսկ գիտե՞ք, թե ով և երբ է ստեղծել այդ փոքր, բայց շատ օգտակար սարքը
Դուգլաս Էնգելբարտը և 
փայտե պատյանով նրա «հրեշ» մուկը:   
Այժմ նրան գրեթե ոչ ոք չի հիշում: Դուգլաս Էնգելբարտը համակարգչային տեխնիկայի զարգացման գործում մեծ վաստակ ունի, բայց հռչակ ձեռք չբերեց: Նրա «ամենաժողովրդական» գյուտը համակարգչային մկնիկն է: Միացյալ Նահանգների տիեզերական հետազոտությունների գործակալության (NASA) մասնակի ֆինանսավորմամբ Ստենֆորդի համալսարանի հետազոտական ինստիտուտի աշխատակից Էնգելբարտը սկսում է մտածել մի այնպիսի սարք ստեղծելու ուղղությամբ, որը հնարավորություն կտար նշելու և ուղեկցելու մոնիտորի վրա երևացող օբյեկտը: Եվ ահա 1962 թվականին լույս աշխարհ եկավ սարսափելի արտաքին տեսքով (այսօրվա պատկերացմամբ, իհարկե) փայտե պատյանով մի «հրեշ»:
Առաջին մուկը (այս անվանումը, ի դեպ, հայտնվեց ավելի ուշ, երբ մի օր նայելով փայտե տուփին` Էնգելբարտն այն նմանեցրեց պոչավոր կրծողին) կոչվում էր «x և y դիրքերի ցուցիչ»: Այն հավաքել էր Բիլ Ինգլիշը, իսկ սարքի հնարավորությունները ներկայացնող ծրագրերը գրել էր Ջեֆ Ռուլիֆսոնը: Սարքի ներսում գտնվում էին երկու մետաղական սկավառակներ. մեկը պտտվում էր, երբ սարքը շարժում էին դեպի առաջ և հետ, մյուսը պատասխանատու էր մուկն աջ և ձախ տեղաշարժելու համար:
NASA-ն սարքը չգնահատեց, քանի որ նրա աշխատանքի համար անհրաժեշտ էր ձգողականություն, որը տիեզերքում բացակայում է: Սակայն Էնգելբարտի փոքր-ինչ ձևափոխված մուկը 1968 թվականին ներկայացվեց մի խումբ ճարտարագետների գնահատմանը: Այդ մուկն ուներ միևնույն չափի երեք կոճակներ: «Ես կարողացա տեղադրել միայն երեքը, թեև ցանկանում էի, որ սարքն ունենար հինգ կոճակ` յուրաքանչյուր մատի համար մեկը»,– ասում է Դուգլասը:
Հետագայում մկան կատարելագործմամբ զբաղվեց Xerox ընկերության հետազոտական կենտրոնը, որի մասնագետները ձևափոխեցին սարքը, և հենց Xerox-ում այն նմանվեց ժամանակակից մկնիկին: Երկու սկավառակները փոխարինվեցին գնդիկով և պտտագլանիկներով: Xerox ընկերությունն առաջին անգամ մուկը ներկայացրեց որպես Alto համակարգչի մաս 70-ականների սկզբներին: Առաջին անգամ համակարգչային մուկը հասանելի դարձավ սովորական օգտագործողներին:
Մկան հետագա պատմությունը կապված է Apple ընկերության հետ: Այնտեղի հետազոտողները մկան կառուցվածքն ավելի մոտեցրին ժամանակակից տեսքին` այն դարձնելով քանդովի. հնարավոր դարձավ հանել գնդիկը և մաքրել մկան «ներքին օրգանները»: Բացի այդ, երեք կոճակի փոխարեն թողեցին միայն մեկը:
Իսկ ի՞նչ կա այսօր: Գոյություն ունեն կառուցվածքային առումով սկզբունքորեն տարբեր երկու տեսակի մկներ` մեխանիկական և օպտիկական: Եվ եթե առաջինի աշխատանքի սկզբունքին ծանոթ է գրեթե յուրաքանչյուրը, ապա երկրորդի մասին արժե խոսել փոքր-ինչ մանրամասն:
Եվ այսպես, առաջին օպտիկական մուկը թողարկվել է 1999-ին Microsoft ընկերության կողմից: Իսկ մկան այդ տեսակը մտահղացել են Hewlett-Packard ընկերության հետազոտական լաբորատորիաներում: Ավելի ճիշտ` նրա Agilent Technologies ստորաբաժանումում, որն արդեն առանձնացել է և ինքնուրույն ձեռնարկություն է: Agilent Technologies, Inc.-ն այսօր մկների օպտիկական զգայասարքերի շուկայի մենաշնորհատեր է: Մկան աշխատանքն իրականացվում է այսպես: Լուսադիոդի և կիզակետող ոսպնյակների օգնությամբ լուսավորվում է մկան տակի մակերևույթի մի հատված: Անդրադարձած լույսն ընկալվում է մեկ ուրիշ ոսպնյակի կողմից և հաղորդվում միկրոսխեմայի ընդունող զգայասարքին, որը պատկերների մշակման պրոցեսորն է: Այդ չիպն էլ «լուսանկարում է» մկան տակի մակերևույթը և համեմատում ստացված հատվածները:
Իսկ 2004-ին շուկայում հայտնվեց առաջին «լազերային» մկնիկը, որի աշխատանքի սկզբունքը չի տարբերվում օպտիկականից, պարզապես լուսադիոդի փոխարեն այստեղ օգտագործվում է ավելի ճշգրիտ լազերային ճառագայթը:
Պատրաստեց ԱՐՏԱՇԵՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ

Комментариев нет:

Отправить комментарий