Ամեն մի պաշտոնյա խոսում է կյանքը բարելավելու մասին, ինչպես անել, որ գյուղացին կարողանա ապրել, աշխատող մարդը կարողանա ընտանիք պահել, երիտասարդները հավատան երկրի ապագային և այլ լոլոներ:
Ասում է ու երբեք չի մտածում, որ ինքը չպիտի շարունակի անօրինական գործունեություն ծավալել, կաշառք չվերցնի, շահածախված չլինի, որ իր ամենօրյա կեղտոտ փողերից հրաժարվի. թե՞ մտածում է, որ այդ ամենը կանի իր նմանը, թե՞ կարծում է, որ հնարավոր է համատեղել այդ ամենը:
Պարոնա՛յք կաշառակերներ, կաշառասուններ և կաշառանասուններ, վաղը ժողովրդի ի՞նչը պիտի ուտեք, եթե այսպես շարունակեք: Չե՞ք մտածում, որ վաղը նույնիսկ նախանձող չեք ունենա. բա էլ ինչի՞ համար եք կուտակում:
Ամենակուլ ագահությունը երախը բաց կլանում է պաշտոնյային ու մեծահարուստին դարձնում իր ճորտը, իր կամակատարը, հլու-հնազանդ ներքինին, ու սրանք չեն զգում, որ ազատություն չունեն, որ ունեցածը սանձարձակ ամենաթողություն է, որը կատաղած ստրուկի երազանքն է ու գործելակերպը:
Ինչ անել, որ արդարամիտ լինելը ձեռնտու լինի այս պետության մեջ, լավ սովորելը հարգի լինի, ազգայինը դեպի համամարդկային տանող ճանապարհը լինի և ոչ թե այդ ճանապարհին ընկած մի քար, որը խաբուսիկորեն փոքր է թվում, և ովքեր ուզում են լոքելով անցնել` միանգամից մտնել համամարդկային, անտեսելով ազգայինը, այդպես ճողված էլ մնում են, որ պետական պաշտոնյան, գործիչը սիրեն իրենց ժողովրդին, համարեն իրենց ընկերը և ոչ թե արհամարհելի հարկատու և նիհար ու քնձռոտ կթու կով, որ հայոց լեզուն չարհամարհվի խանութպանների ու խանութպանի մակարդակ ունեցող մեծահարուստների ու պաշտոնյաների կողմից, որ պետական լեզուն վերահսկող հիմնարկը ողորմելի չլինի և անգլուխ ձիավոր, որ դպրոցներում իրո՛ք կրթություն տան և ոչ թե պատրանքային իրարանցում անեն` իբր մենք տալիս ենք, վերցնող չկա, որ գիտելիքը հարգի լինի, որ որևէ պաշտոնյա կաշառասուն չլինի և պաշտոնի չձգտի միայն այն պատճառով, որ ինչքան հնարավոր է շատ ուտի և ինչ պատահի ուտի, որ գրողները խեղճուկրակ չլինեն, որ երգը թլպատված չլինի և երգչուհիները լինեն ոչ միայն սիրուհիներ, այլև, եթե բերանները պատեհ-անպատեհ բացում են, ապա ձայն էլ հանեն, որ արտագաղթը մանկության կապույտ երազանք չդառնա, իսկ կապույտները ամոթից կարմրեն, որ այս ամենն ամենօրյա հոգս լինի պաշտոնյայի համար, որ գիշերը չքնի ու լուծումներ փնտրի ինքն իր դեմ գործելու համար, ինքն իր աչքին ու իր երեխաների աչքին արդարանալու համար:
Սպասենք Աստծո հրաշքի՞ն. չի կարելի, զի դա հաճո չէ Արարչի քիմքին: Հույս դնենք ժողովրդական պոռթկման վրա՞. չի լինի, քանզի ժողովուրդը դարերով անհույս է և գաղթականի հոգով. խռովում-փախչում է իր հայրենիքից, ասելով, որ մինչև կյանքը հայրենիքում չլավանա, չի գալու: Կարծես թե իր փոխարեն մեկ ուրիշը պիտի լավացնի:
Ի՞նչ անենք, ընդունենք, որ տանո՞ւլ տվեցինք, թե՞ թափ տանք մեզ Սասունցի Դավթի նման: Ա՛յ Մհեր, կյանքն առանց քեզ չի՛ լավանա, դո՛ւրս արի քո Ագռավաքարից, հույսներս քեզ վրա է, քո՞ հույսն ում վրա է:
Դուրս արի, տես` ինչքա՜ն երեխաներ` պայծա՜ռ, իմաստո՜ւն, քեզ կնայեն, ինչքա՜ն պատանիներ ու պարմանուհիներ` խելացի՜, բանիմա՜ց, քեզ կնայեն, ինչքա՜ն երիտասարդներ` գործունյա՜ ու եռանդո՜ւն, քեզ կնայեն, ինչքա՜ն ահելներ` աչքերում հույս, քեզ կնայեն, տե՛ս, ասա` մերն է լինելու երջանիկ ապրելու հույսը:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
«9-րդ հրաշալիք», 2010 թ.
Комментариев нет:
Отправить комментарий