ՍԽԱԼՆԵՐ ՄԱՄՈՒԼԻՑ
Այս բաժնում ներկայացնում ենք տեղեկատվամիջոցներից քաղված այնպիսի արտահայտություններ, որոնցում այս կամ այն չափով աղավաղված է հայերենը: Սխալները հիմնականում ընդհանրական են, ուստի դրանց շտկումն ուսանելի է:
ՍԽԱԼ է. «Բանն արդյունքների մեջ չեն, այլ նրանում, որ...»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Այստեղ լրագրողի լեզվազգացողությունն այնքան ցածր է եղել, որ նա, տեսնելով «արդյունքներ» հոգնակի ձևը, օժանդակ բայն էլ դարձրել է հոգնակի՝ «չեն»: Նա այդպես էլ չի նկատել, որ այստեղ ենթական «արդյունքներ»-ը չէ, այլ՝ «բան»-ը, որը դրված է եզակի թվով, և ուրեմն պետք է գրեր գոնե՝ «բանն արդյունքների մեջ չէ, այլ…»: Բայց սա էլ ռուսաբանություն է: Ռուսերեն ասում են՝ «дело не в
том, что...», իսկ հայերեն պետք է ասվի՝ «բանն այն չէ, որ…»: Ուրեմն այստեղ պետք է
թարգմանվեր՝ «Բանն արդյունքները չեն, այլ…» (այստեղ «արդյունքներ» բառն արդեն
ենթակա է):
ՍԽԱԼ է. «Ֆուտբոլիստներից
մեկը թե՛ հանդիսատեսի և թե՛ հակառակորդի համար մուգ ձի էր»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Իհարկե,
եթե այդ ֆուտբոլիստը լսեր կամ կարդար, որ
իրեն ձիու հետ են համեմատում, խիստ կնեղանար: Բայց նա չի լսել, և նրա փոխարեն մենք
ենք նեղանում այսպիսի անճարակ, անհեթեթ աղավաղման համար: Խոսքը ռուսերեն «тeмная лошадка» դարձվածի մասին է, որը նշանակում է անհայտ մեկը, մեկին, որին չեն ճանաչում, չգիտեն` հույսերը կարդարացնի՞, թե՞ ոչ:
ՍԽԱԼ է. «Այդ հարցին տված պատասխանները խիստ բազմազան են»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Այստեղ «տված» բառի կիրառումը ճիշտ կլիներ, եթե նշված լիներ, թե՝ ում տված (ասենք՝ «Այդ հարցին մասնակիցների տված պատասխանները…»): Բայց քանի որ դա չկա, ուրեմն «տված»-ի փոխարեն պետք է լիներ «տրված»:
ՍԽԱԼ է. «Ամսեվարձը կարժենա երկու հազար դրամ»:
ՍԽԱԼ է. «Ամսեվարձը կարժենա երկու հազար դրամ»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «Ամսեվարձ» բառը կազմվել է ոչ կանոնական «ամսեկան» ձևի նմանողությամբ: Թե՛ առաջինում, թե՛ երկրորդում «ե» ձայնավորի փոխարեն պետք է ունենանք «ա»՝ «ամսավարձ», «ամսական»: Այնուհետև. արժենալ կարող են ապրանքները, ծառայությունները և այլն, իսկ ամսավարձը կարող է լինել: Ուրեմն անհրաժեշտ էր ասել. «Ամսավարձը կլինի երկու հազար դրամ»:
Комментариев нет:
Отправить комментарий