четверг, 29 декабря 2011 г.

ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԻՆՆՅԱԿ


Խորագիրը վարում է Արտաշես Թադևոսյանը

ՆՈՐ ՏԱՐՎԱ ՆՎԵՐՆԵՐ


Ի՞նչ նվեր էին բերել մոգերը նորածին Հիսուսին: Ոսկի, կնդրուկ և զմուռս: Այդ ընծաներն ունեին հատուկ իմաստ. ոսկին խորհրդանշում է իշխանությունը, կնդրուկը` երկինք հասնող աղոթքի բույրը, իսկ զմուռսը հիշեցնում է ամենի անցավոր լինելը: Այս անգամ կզրուցենք տարբեր երկրներում Նոր տարվա առթիվ տրվող և չտրվող նվերների մասին:


9-ՐԴ ՏԵՂ. Շվեդները միմյանց ավանդաբար նվիրում են ինքնաշեն մոմեր: Դրա պատճառն այն է, որ Բևեռային շրջանի մոտ ձմռանը շատ վաղ է մթնում, իսկ լույսը խորհրդանշում է ընկերություն, սրտաբացություն, ուրախություն: Ի դեպ, Սկանդինավիայում գեղեցիկ թղթով փաթաթած նվերն անպայման «կնքում են» կարմիր մոմով:

8-ՐԴ ՏԵՂ. Էստոնիայում, Ավստրիայում և Շոտլանդիայում երջանկություն է բերում փողոցում հանդիպած, աշխատանքային գործիքներով և մրոտ դեմքով ու ձեռքերով ծխնելույզ մաքրողը: Այդ պատճառով այնտեղ հաճախ մեկմեկու նվիրում են խողովակ մաքրողների մրոտ կավե արձանիկներ: Ավստրիայում նաև ընդունված է նվիրել խնայատուփ խոզուկներ: Ի դեպ, այս երկրում նվերները, ոսկե ձին հեծնած, բերում է անձամբ Հիսուսը:

7-ՐԴ ՏԵՂ. Եթե Ֆինլանդիայում, Նորվեգիայում կամ Շվեդիայում ձեզ լուցկի նվիրեն, չզարմանաք. դա ջերմության ու երջանկության ավանդական մաղթանք է: Սակայն ոչ մի դեպքում լուցկի չնվիրեք Իսպանիայում կամ Հունաստանում. այնտեղ դա խորհրդանշում է տունն այրելու ցանկություն:

6-ՐԴ ՏԵՂ. Հույները, բացի ավանդական շամպայնով ու գինով լի զամբյուղներից, վերջերս սկսել են իրար նվիրել խաղաթղթերի նոր կապուկներ:

5-ՐԴ ՏԵՂ. Իսլանդիայում չարաճճի երեխան որպես նվեր Ձմեռ պապից կարող է ստանալ հում կարտոֆիլ: Իսլանդիայի բոլոր երեխաները գիտեն, որ դեկտեմբերի 1-ից 24-ը ցանկացած պահի իրենց կարող է այցելել Ձմեռ պապը, և այդ օրերին խելոք են մնում:

4-ՐԴ ՏԵՂ. Ճապոնացուն անչափ կվիրավորեք, եթե Ամանորի առթիվ ծաղիկներ նվիրեք: Այնտեղ ընդունված է, որ ծաղիկ նվիրելու իրավունք ունեն միայն կայսերական ընտանիքի անդամները: Սովորական մահկանացուից ճապոնացին ծաղիկ չի ընդունի:

3-ՐԴ ՏԵՂ. Իսկ չինացին չի վերցնի ժամացույցը, քանի որ այդ առարկան մահվան խորհրդանիշ է:

2-ՐԴ ՏԵՂ. Ամուսնացած ֆրանսուհին կտրականապես կհրաժարվի կողմնակի անձի ընծայած օծանելիքի նույնիսկ փոքրիկ սրվակից. չափազանց նեղանձնական է:

1-ԻՆ ՏԵՂ. Անսպասելի նվեր կարելի է համարել սպիտակ արջերի ու ծովափղերի` սառույցից հատված փոքրիկ քանդակները, որոնք իրար նվիրում են Գրենլանդիայի էսկիմոսները: Եվ քանի որ այդ կղզում նույնիսկ ամռանը շատ ցուրտ է, այդ նվերները պահպանվում են անչափ երկար:

Комментариев нет:

Отправить комментарий