Խորագիրը վարում է Արտաշես Թադևոսյանը
ԱՊՐԻԼՄԵԿՅԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ
Այդ օրը դարեր ի վեր տարբերվել է մյուսներից: Հռոմեացիները, ճիշտ է, այն նշում էին փետրվարի 17-ին, հնդիկները համարյա մեզ պես՝ մարտի 31-ին: Հին գերմանացիները (և ոչ միայն նրանք) այդ օրը Նոր տարի էին նշում: Ֆրանսիացիները միայն 1574
թվականին Կարլոս IX-ի հրամանով այդ տոնը սկսեցին նշել հունվարի մեկին: Եվ այդ հրամանը հրապարակվեց հենց այդ հիշարժան օրը: Այնպես որ ֆրանսիացիները մինչև այսօր էլ այդ օրը կատակով Նոր տարի են նշում: Այդպիսին է ապրիլի 1-ը: Այն տարբեր երկրներում ունի տարբեր անուններ: Շոտլանդիայում «կկվի օր» է, Ճապոնիայում` «տիկնիկի օր», Իսպանիայում` «ապուշների օր», Ֆրանսիայում` «ձկան օր», ԱՄՆ-ում` «հիմարների օր»: Բայց իմաստը նույնն է. այդ օրը պետք է և նույնիսկ խորհուրդ է տրվում խաղալ մտերիմների հոգու հետ, խաբել նրանց և, միևնույն ժամանակ, չխաբվել ու չընկնել նրանց ծուղակը:
9-ՐԴ ՏԵՂ. Ապրիլմեկյան ստախոսությունները շատ են սիրում զանգվածային տեղեկատվության միջոցները, ընդ որում, նույնպես շատ վաղուց:
1835 թ. ապրիլի 1-ին «Նյու Յորք սան» թերթը հայտնեց, որ անվանի գիտնականներ Հերշելն ու Բրյուսը (մեկն, ի դեպ, մահացել է
1822-ին, մյուսը՝
1735-ին), համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծել են մի աստղադիտակ, որը հնարավորություն է տալիս դիտելու Լուսնի և Մարսի մարդկանց: Նույն օրը թերթի խմբագրությունը ողողվեց բազմաթիվ խնդրանքներով՝ հայտնել, թե ինչպես և որտեղ կարելի է օգտվել այդ աստղադիտակից:
8-ՐԴ ՏԵՂ. Նման կատակասեր լրատվամիջոցներ կան նաև մեր օրերում:
1960 թ. հեռուստալուրերում հայտնեցին, որ կատարվելու է Էյֆելյան աշտարակի հիմնարար վերակառուցում, և այսուհետև երկու հենասյուները պետք է գտնվեն Սեն գետի աջ ափին, մյուս երկուսը՝ ձախ: «Փարիզի առաջին տիկնոջ» (այո, մի՛ զարմացեք, առաջինը հենց աշտարակն է, այլ ոչ թե երկրի նախագահի կինը) նկատմամբ նման ոտնձգության առիթով զայրացածների ցասումն աննկարագրելի էր:
7-ՐԴ ՏԵՂ. Զարմացնում է ժամանակակից ապրիլմեկյան ստերին արձագանքող ընթերցողների դյուրահավատությունը: 1977 թ. ապրիլյան համարում «Նաուկա ի ժիզն» («Գիտություն և կյանք») ամսագիրը հայտնել էր, որ Բավարիայի անտառներում ապրում է... եղջերավոր նապաստակ: Այդ տարօրինակ կենդանու լուսանկարը ևս հրապարակվել
էր. կոտոշները բավականին մեծ էին: Եվ այդ նյութին արձագանքեց ընթերցողների բավական մեծաթիվ զանգված:
6-ՐԴ ՏԵՂ. Իսկ ի՞նչ կարելի է սպասել այսօրվա ընթերցողից, որն անհամբերությամբ է սպասում զանազան աստղագուշակների: Ի դեպ, դրանց հետ կապված զավեշտ ևս կա: Ֆրանսիացի գիտնականներն առաջարկեցին ամեն ցանկացողի ուղարկել երկրի լավագույն աստղագուշակների կազմած անհատական գուշակությունը միայն մի պայմանով՝ վերջում գրել, թե որքան ճիշտ է իրենց նկարագրել այդ աստղագուշակը: Ի՞նչ եք կարծում, մարդկանց քանի՞ տոկոսն էր գրել, որ հիացած է նկարագրության ճշգրտությամբ և որ այն լիովին համընկնում է իր բնավորության գծերի հետ: Հի՞նգ, տա՞սը, երեսո՞ւն, հիսո՞ւն... Սխալվում եք, մարդկանց 98 տոկոսն այդ կարծիքին էր: Իսկ իրականում բոլորին ուղարկվել էր իրոք լավագույն աստղաբանների կազմած գուշակությունը, բայց բոլորին նույնը:
5-ՐԴ ՏԵՂ. Գիտության անվանի ժողովրդականացնող ամերիկացի Մարտին Գարդները «Գիտական Ամերիկա» ամսագրում հրապարակեց բուրգի հրաշալի հատկությունների մասին մի ծաղրահոդված, որտեղ գրում էր, որ բրգաձև ծածկոցը դանդաղեցնում է ածելիների բթացումը, վերադարձնում սրությունը և նման այլ անհեթեթություններ: Համարը (բնականաբար՝ ապրիլյան) լույս տեսնելուց հետո նրան է զանգահարում նմանատիպ գրքերի տպագրությամբ զբաղվող մի հրատարակիչ և առաջարկում բուրգի գործած հրաշքների մասին գրքի հրատարակման պայմանագիր: Գարդները բացատրում է, որ դա ապրիլմեկյան կատակ է: «Ավելի լավ,– պատասխանում է հրատարակիչը,– դուք կհրատարակեք բուրգի հրաշալի հատկությունների մասին մի գիրք, իսկ հետո՝ երկրորդը, որը կմերկացնի այդ կեղծ ուսմունքը»: Գումար վաստակելու համար մարդիկ ինչի ասես կդիմեն:
4-ՐԴ ՏԵՂ. Ապրիլմեկյան տոնը սիրեցին նաև բազմաթիվ դերասաններն ու խեղկատակները: Օրինակ, XIX դարում ձեռնածուների խմբի տերը մոսկվացիներին հայտնեց, որ կմտնի սովորական ապակե շշի մեջ: Ժողովուրդը վազեց թատրոն, իսկ երբ բարձրացրին վարագույրը, բեմում դրված էր դատարկ մի շիշ, որի վրա գրված էր. «Այսօր ապրիլի 1-ն է»: Թատրոն վազելուց առաջ պետք էր նայել օրացույցին:
3-ՐԴ ՏԵՂ. Անվանի գիտնականների հետ կատակելը շատ վտանգավոր է: Ֆրանսիացի կենդանաբան Ժորժ Կյուվիեի աշակերտներից մեկը, սատանայի զգեստավորմամբ ներխուժելով ուսուցչի մոտ, բղավեց. «Կյուվիե՛, ես քեզ կուտե՛մ»: Եվ անմիջապես «ոչնչացվեց» բավական լուրջ գիտական հիմնավորմամբ: «Եղջերավոր և սմբակավոր, դու խոտակեր ես, դու չես կարող ինձ ուտել»,– ասաց կենդանիների կարգաբանության մասնագետ Կյուվիեն: Այդ թերուսին տեղն է, պետք էր բղավել. «Կպոզահարե՛մ»:
2-ՐԴ ՏԵՂ. Իր հետաքրքրաշարժ հուշերում ֆրանսիացի ակադեմիկոս Անատոլ Աբրահամը գրում է, թե ինչպես իր գործընկեր պրոֆեսոր Սիմոնը զարմանալի սառնասրտությամբ և անտարբերությամբ ընդունեց իր լաբորատորիայում տեղի ունեցած և զգալի ավերածություններ պատճառած պայթյունի մասին լուրը: Դրա «մեղավորը» գիտնականի սեղանին դրված օրացույցն էր, որտեղ գրված էր՝ ապրիլի 1: Այնինչ պայթյուն իրականում եղել էր:
1-ԻՆ ՏԵՂ. Գիտնականի հոգու հետ առավել հաջող կարելի է խաղալ, եթե կատակը կապված է նրա մասնագիտության հետ: Մի անգամ, գալով փորձասենյակ, պրոֆեսոր Ալեքսանդր Բուտլերովը տեսավ, որ օգնականները կրակի վրա ինչ-որ բան են տաքացնում: «Ինչո՞վ եք զբաղված» հարցին նրանք պատասխանեցին. «Հեչ, կապտաթթու ենք ստանում: Եթե ուզում եք, կարող ենք ցույց տալ»: Եվ օգնականներից մեկը պահարանից հանեց ինչ-որ նյութով մի անոթ և այնպես անհաջող մեկնեց ապշահար Բուտլերովին, որ այն ընկավ գետնին ու փշրվեց: Տեսնելով ոտքերի տակ թափված հեղուկը, գիտնականը արագ փախավ սենյակից: Իսկ թե նրա հետևից ինչ բղավեց օգնականը, երևի կռահում եք...
Комментариев нет:
Отправить комментарий