пятница, 23 декабря 2011 г.

ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԻՆՆՅԱԿ




Խորագիրը վարում է Արտաշես Թադևոսյանը

ՆՈՐ ՏԱՐՎԱ ՌԵԿՈՐԴՆԵՐ

Ի՜նչ ասես, կանեն մարդիկ անուն հանելու, Գինեսի գրքում հայտնվելու համար: Օրինակ, մեքսիկացի մի նկարիչ մի անգամ շշերից, հայելու բեկորներից և այլ թափոններից պատրաստել էր Արևմուտքում տարածված Սուրբ Ծննդյան հրեշտակ: Եվ այդ հրեշտակն ամենամեծն էր աշխարհում՝ 557 սմ: Այնուհետև նույն նկարիչը պատրաստել էր ամենամեծ ամանօրյան մոմը և ամենաերկար զարդաշղթան, որի զանգակների դերում 4850 դատարկ շշեր էին: Այս անգամ մեր իննյակում կներկայացնենք տարեմուտին առնչվող նվաճումներ: Եվ այսպես…



9-ՐԴ ՏԵՂ. Ինչպես հայտնի է, կաթոլիկները Նոր տարվա նախօրեին իրենց տանը գուլպա են կախում, որի մեջ, ըստ ավանդության, իր նվերներն է թողնում Սանտա Կլաուսը: Եվ ահա 1993 թ., Կալիֆոռնիայում, երևի թե շատ ագահ մեկը գործել է աշխարհում ամենամեծ գուլպան. նրա մեջ կտեղավորվեր երկու բեռնատար ավտոմեքենա նվեր:

8-ՐԴ ՏԵՂ. Աշխարհում ամենամեծ ձնամարդը պատրաստել են 1999 թ. ԱՄՆ-ում. նրա բարձրությունը 34 մ 63 սմ էր: Ձնեմարդու ձեռքերի փոխարեն օգտագործվել էին իսկական եղևնիներ, որոնց երկարությունը 3 մետր էր: Ափսոս, որ պատրաստելուց մի քանի օր անց եղանակը տաքացավ, և ռեկորդային ձնամարդը հալվեց:

7-ՐԴ ՏԵՂ. 1932 թ. Կանադայում 9 օր շարունակ առանց ընդհատվելու ձյուն է տեղացել: Սա երբևէ տեղացած ամենաերկարատև ձյունն է, և բոլոր մեկհարկանի տները մնացին ձյան տակ: Ի դեպ, 30-ական թվականներին ձյունը գրեթե ամենուր ոչ թե սպիտակ էր, այլ մոխրագույն, քանի որ տները ջեռուցվում էին ածուխի վառարաններով, և ածուխը ծխի հետ բարձրանում էր օդ ու ներքև թափվում ձյան հետ:

6-ՐԴ ՏԵՂ. Գիտե՞ք, թե ինչքան խաղալիք կարելի է կախել տոնածառի վրա: Չեք պատկերացնի, բայց մի անգամ խեղճ տոնածառն իր վրա կրել է 580 կգ ամանորի զարդ: Եվ այդ խաղալիքների պատճառով ինքը՝ եղևնին, գրեթե չէր երևում:

5-ՐԴ ՏԵՂ. 20-րդ դարի տարեմուտի ամենամեծ անակնկալն է համարվում ձնե մարդու՝ Ետիի հայտնվելը: Առաջին անգամ Ետիին տեսել են 1921 թ. Սուրբ Ծննդյան օրերին Էվերեստում, 6400 մետր բարձրության վրա: Եվ հենց այդ օրն է համարվում ձնե մարդու պաշտոնական դիտման առաջին օրը:

4-ՐԴ ՏԵՂ. 1996 թ. Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի փողոցներով միաժամանակ անցավ 2456 Սանտա Կլաուս: Սա «արևմտյան Ձմեռ պապերի» կուտակման համաշխարհային ռեկորդ է: Ափսոս, որ նրանք նվերներ չէին բաժանում:

3-ՐԴ ՏԵՂ. Իսկ ահա 1984 թ. Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում դիտվել է, ըստ մեզ, ավելի հաճելի կուտակում: Այստեղ միաժամանակ հավաքվել էր 3016 Ձյունանուշ: Կարճ մուշտակներով և կարմիր գլխարկներով գեղեցկուհիներն այնքան էին գերել վիեննացիներին, որ նրանց բոլորին շնորհվեց քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում, և այժմ Վիեննան պատվավոր քաղաքացիների թվով աշխարհում առաջինն է:

2-ՐԴ ՏԵՂ. Նոր տարվա առթիվ արված ամենամեծ նվերը 1997 թ. իր 4-րդ կնոջն է մատուցել Արաբական Միացյալ Էմիրությունների նավթարդյունաբերողներից մեկը: Նա նվիրել է Օվկիանիայում գտնվող 37 քառ. կմ տարածքով մի կղզի:

1-ԻՆ ՏԵՂ. Այս ռեկորդը կարող է սահմանել մեզանից յուրաքանչյուրը: Դուք կարող եք դառնալ առաջինը, եթե ձեր բնակարանում զարդարված վիճակում 32,5 տարուց ավելի պահեք միևնույն տոնածառը: Հենց այդքան ժամանակ մի մարդ իր տանը պահել է իր տոնածառը, քանի որ չի կարողացել բաժանվել նրանից. 1968 թ. նա այդ տոնածառի մոտ է անցկացրել իր կյանքի ամենահիշարժան Նոր տարին. այդ օրը նա խնդրել է իր սիրած աղջկա ձեռքը: Ճիշտ է, հարսանիքն այդպես էլ չի կայացել. աղջիկը չի կարողացել հաշտվել այն բանի հետ, որ իր փեսացուն, մեղմ ասած, բնակարանը ոչ հաճախ է մաքրում:

Комментариев нет:

Отправить комментарий