пятница, 2 декабря 2011 г.

ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԻՆՆՅԱԿ


ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԶԱՎԵՇՏՆԵՐ




1986 թվականին Միլանի հիվանդանոցներից մեկը ոտքի կոտրվածքով տեղափոխվեց ոմն Ռոբերտո Պաոլինի: Ֆուտբոլի մոլի երկրպագուն, ռադիոյով լսելով, որ իր սիրելի թիմը՝ «Ինտերը», գոլ է խփել, ուրախությունից դուրս էր թռել երկրորդ հարկի լուսամուտից: Նույնիսկ կոտրվածքը չէր փչացրել նրա բարձր տրամադրությունը: Սակայն նրա աննկարագրելի ուրախությունը հօդս ցնդեց, երբ ժամանած բժիշկները հայտնեցին, որ «Ինտերը» գրավել է սեփական դարպասը: Այս անգամ կխոսենք համաշխարհային ֆուտբոլում գրանցված զավեշտալի դեպքերի մասին:

9-ՐԴ ՏԵՂ. Իսպանացիների սերը ցլամարտի և ֆուտբոլի նկատմամբ հայտնի է: Բայց երբևէ լսե՞լ եք, որ այդ երկու միջոցառումները տեղի ունենան միաժամանակ նույն վայրում: Ֆուենտե փոքր քաղաքի ֆուտբոլային թիմը սեփական դաշտում արդեն առաջին րոպեներին զիջում էր երկու գնդակի տարբերությամբ: Եվ հանկարծ խաղադաշտ սկսեցին վազել ցլեր՝ մեկը, երկուսը, երեքը… Ֆուտբոլիստներն ու մրցավարները փախան, իսկ կենդանիները չափազանց ագրեսիվ էին: Հանդիսականներն էլ որոշեցին ռիսկի չդիմել և հեռացան մարզադաշտից: Խաղը դադարեցվեց: Հետագայում պարզվեց, որ կատաղած ցլերին խաղադաշտ էր բաց թողել տեղի թիմի երկրպագուներից մեկը: Դրանով նա փորձել էր կանխել սիրելի թիմի ջախջախիչ պարտությունը:
8-ՐԴ ՏԵՂ. Զուր չէ, որ Անգլիան կոչում են «մառախլապատ Ալբիոն»: Հաճախ ֆուտբոլային հանդիպումներն անցնում են մշուշապատ դաշտերում: Այդպիսի խաղերից մեկից հետո, որն ավարտվեց 3:3 հաշվով, հարձակվող Ջորջ Օդցն ասել է. «Հաստատ հիշում եմ, որ հինգ գոլ եմ խփել, բայց չգիտեմ, թե որ դարպասը»: Խաղի ավարտից հետո մրցավարը հայտնաբերել էր, որ թիմերում խաղացել է 18-ական ֆուտբոլիստ:
7-ՐԴ ՏԵՂ. Բոլիվիայում խաղադաշտերի վրա պտտվող արծիվները հազվադեպ երևույթ չեն: Մի անգամ խաղի ժամանակ մի թռչուն սրընթաց մոտեցավ դաշտին և մի ակնթարթ անց օդ բարձրացավ` ճանկերի մեջ տանելով… գնդակը: Կաշվե գունդը փոխարինեցին նորով, բայց քիչ անց կրկին երևաց արծիվը՝ ակնհայտորեն պատրաստվելով հերթական գրոհին: Խաղը ստիպված դադարեցրին:
6-ՐԴ ՏԵՂ. Մի անգամ այսպիսի զավեշտալի դեպք տեղի ունեցավ Բրազիլիայի առաջնության «Ֆլամենգո» և «Մադուրեյրա» թիմերի հանդիպման ժամանակ: Խաղավարտից 1 րոպե առաջ դաշտի տերերի դարպասապահ Ուբիրաժարը գնդակը ոտքով մտցրեց խաղի մեջ: Քամին արագացրեց գնդակի ընթացքը, և այն հայտնվեց մրցակցի դարպասում: «Մադուրեյրայի» դարպասապահ Ռոբերտոն այդ պահը չտեսավ, քանի որ կապում էր խաղակոշիկների քուղերը: «Ֆլամենգոն» հաղթեց 1:0 հաշվով:
Լեոնիդ Շմուց
5-ՐԴ ՏԵՂ. Երևանի «Արարատը» երկար տարիներ չէր կարողանում ոչ միայն հաղթել, այլև նույնիսկ ոչ-ոքի խաղալ Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ: Մինչև 1971 թվականի ապրիլի 17-ի մոսկովյան հանդիպումը: Բանակայինների համար այդ չարաբաստիկ խաղում նրանց դարպասապահ Լեոնիդ Շմուցը ցանկանում էր գնդակը ձեռքով մտցնել խաղի մեջ, սակայն գնդակը դուրս պրծավ նրա ձեռքից և հայտնվեց ցանցում: Այդ օրվանից արդեն բանակայինները երկար տարիներ չէին կարողանում հաղթել Հայաստանի ուժեղագույն թիմին:
4-ՐԴ ՏԵՂ. Դանիայի երկրորդ խմբի առաջնության խաղում Օդենսե քաղաքի թիմի հարձակվողը մոտ տարածությունից կատարեց ուժգին հարված և… դարպասի ձողափայտը կոտրվեց: Մրցավարը, խաղի կանոններում չգտնելով համապատասխան պարզաբանում, ընդհատեց խաղը և հեռագրով հարցում կատարեց ազգային ֆեդերացիա: Արդյունքն անսպասելի էր. հրաշք հարձակվողին տեսնելու համար Օդենսե ժամանեցին բարձրագույն խմբի հինգ թիմերի մարզիչները: Իսկ ֆեդերացիայից պատասխան այդպես էլ չստացվեց:
3-ՐԴ ՏԵՂ. Սակայն դարպասաձողը կարող է կոտրվել ոչ միայն գնդակի հարվածից: 1980 թ. ռումինական Տիմիշոարա քաղաքում խաղում էին տեղի «Պոլիտեխնիկան» և բրազիլական «Ատլետիկոն»: Բրազիլացիներից մեկը, մեծ արագությամբ ներխուժելով տուգանային հրապարակ, սայթաքեց և գլխով հարվածեց դարպասաձողին: Ձողը հարվածից կիսվեց: Այն փոխելու համար խաղն ընդհատվեց 20 րոպեով: Իսկ բրազիլացին հանգիստ շարունակեց խաղը, կարծես ոչինչ չէր պատահել:
2-ՐԴ ՏԵՂ. 1973 թվականի ամենաանհեթեթ գոլը: Այդպես էին անվանում հոլանդական «Սպարտայի» (Ռոտերդամ) պաշտպանի խփած գոլը «Բարսելոնին»: Գնդակը բարձրացավ վերև, քամին արագացրեց նրա ընթացքը, գնդակն օդում պայթեց և կաշվի այդ տձև կտորն ընկավ հյուրերի դարպասը: Մրցավարը կարգադրեց փոխարինել գնդակը և, չնայած իսպանացիների բողոքին, հաշվեց գոլը:
1-ԻՆ ՏԵՂ. Բրազիլացի պաշտպան Պինեյրոյին կոչում էին… սեփական դարպասը գրավելու ռեկորդակիր: Միայն մեկ խաղաշրջանում նա 10 անգամ գոլ էր խփել սեփական թիմի դարպասը: Պինեյրոյին տեղափոխեցին հարձակման գիծ: Եվ հենց առաջին խաղում «ռեկորդակիրը» «հաջողեցրեց» գրավել սեփական դարպասը: Երբ լրացավ ֆուտբոլիստի 25-ամյակը, թիմակիցները նրան նվիրեցին կողմնացույց, որի վրա փորագրված էր. «Հիշի՛ր, մրցակիցը մյուս կողմում է»:

Комментариев нет:

Отправить комментарий