Խորագիրը վարում է Արտաշես Թադևոսյանը
ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻԻ ԳՅՈՒՏԵՐԸ
Սալվադոր Դալին ոչ միայն հանճարեղ նկարիչ էր, այլև գյուտարար: Նրա գյուտերից շատերը կյանքի են կոչվել, թեպետ նախնական մտահղացումը բոլորին թվացել է բացարձակ անհեթեթ: Ճիշտ է, Դալին այնքան էլ գոհ չէր: Նա գրում էր. «Իմ ստեղծած ամեն ինչը կյանքի կոչվեց, սակայն ոչ իմ կողմից և այնքան ապաշնորհ ձևով, որ ասելու չէ»:
9-ՐԴ ՏԵՂ. Զսպանակներով կոշիկներ՝ քայլելուց բավականություն ստանալու համար:
8-ՐԴ ՏԵՂ. Սպեկտրային ակնոց-գեղադիտակ, որը փոխակերպում է իրականությունը: Դալին սա հատուկ ստեղծել է զբոսաշրջիկների համար, եթե բնապատկերը ձանձրույթ է առաջացնում:
7-ՐԴ ՏԵՂ. Պլաստիկե բազկաթոռ, որը ճշգրտորեն ընդունում է նստած մարդու մարմնի ձևը:
6-ՐԴ ՏԵՂ. Դնովի եղունգներ, որոնցից յուրաքանչյուրի վրա ամրացված են փոքր հայելիներ՝ սեփական պատկերը դիտելու համար:
5-ՐԴ ՏԵՂ. Թափանցիկ մանեկեն, որի մեջ ջուր է լցված և լողում են ձկնիկներ. սա մարդու արյան շրջանառության մասին պատկերացում կազմելու համար է:
4-ՐԴ ՏԵՂ. Ֆոտոդիմակներ՝ թղթակիցների և լուսանկարիչների համար: Սա, թերևս, շուտով կդառնա կենսական անհրաժեշտություն: Ավելի ու ավելի հաճախ նշված մասնագիտությունների տեր մարդիկ դառնում են դատական լսումների մասնակիցներ՝ որպես անձնական կյանք ներխուժելու մասին օրենքի խախտողներ: Իսկ այսպես՝ դիր, ասենք, Ջորջ Բուշի կամ Տիգրան Կարապետյանի դիմակը, և թող հետո քեզ փնտրեն ու գտնեն:
3-ՐԴ ՏԵՂ. Շոշափողական կինո: Սա Դալին մշակել է շատ մանրակրկիտ: Բավական պարզ հարմարանքը հանդիսականներին հնարավորություն կընձեռի շոշափելու այն ամենը, ինչ տեսնում են էկրանին՝ բուրդը, թավիշը, մորթին, սորուն ավազը, հարթ մաշկը... Այստեղ Դալին շատ ավելի առաջ է անցել, քան ժամանակակից առաջատար համակարգչային մասնագետները, որոնց էլեկտրոնային սարքերի միջոցով ոչ մի կերպ չի հաջողվում հասնել նման արդյունքների:
2-ՐԴ ՏԵՂ. Ահա թե ինչ էր գրում Դալին. «Ես նաև ստեղծել եմ գաղտնի հաճույքներ (ինչպես մարմնական, այնպես էլ հոգևոր) ստանալու համար նախատեսված բազմաթիվ գործիքներ»: Դրանց թվում են նաև գերզզվելի այնպիսի իրեր, որոնք կատաղության պահերին կարելի է ջարդուփշուր անել՝ ամբողջ ուժով հարվածելով պատին:
1-ԻՆ ՏԵՂ. Դալին շարունակում է. «Կան նաև առավել հանդիսավոր դեպքերի համար պատրաստված առարկաներ: Դրանցով կարելի է խաղալ նյարդերի հետ և հասնել (կամ հասցնել) հուսահատության վերջին աստիճանի: Եվ այստեղ պետք կգա իմ ևս մեկ ստեղծագործությունը՝ շրխկանը, որը պայթում է ճիշտ այնպես, ինչպես շամպայնի շշից դուրս է թռչում խցանը՝ գը՛մփ»: Եվ լսվում է Դալիի չարագույժ ծիծաղը...
Комментариев нет:
Отправить комментарий