понедельник, 9 января 2012 г.

ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ






Փոքրի՜կ, փոքրիկ մի հողակտոր, լեռներով, ձորերով, ջրասակավ գետերով, նվազաթիվ մարդկանցով, ձևական սերերով ու անձև ատելություններով մի երկիր, մի հայրենիք: Լեռը սրբազան` իրենը չէ, Մայր գետը` իրենը չէ, էներգիայի բոլոր աղբյուրները օտարին են վաճառել, ջուրը օտարինն է, գործարանները` օտարինը, հանքերն ու անտառները օտարինն են, վանքերն ու ջանքերը` իրենցը, հույսը` օտարի վրա, օտարն էլ` իրենց վրա:

Իրենք չեն կարողանում իրենց երկիրը, իրենց տնտեսությունը կառավարել ու իրենց ժողովրդին լավ պահել: Ամեն ինչ տվել են ուրիշին ու գլուխ են գովում` փոխարենը ուրիշները մեզ հա՜րկ են տալիս. օրինակ` ուրիշները իրենց էներգիան ծախում են մեր թշնամուն, առյուծի բաժին շահույթ ստանում, իրենց մի թուլաբաժին տալիս, ու տղերքը երջանկությունից թուլանում են:

Վաղուց արդեն երկրի մարդիկ էլ իրենցը չեն. նրանք թքած ունեն ամեն ինչի վրա` նաև իրենք իրենց ու իրենց:

Երկրի արևելյան ազատագրված մասը ուրիշները վաճառում են արևելյան մեր թշնամուն, արևմտյան մասը վաղուց են վաճառել. մնացածն էլ իրենք գնեցին:

Երկրում ապրողները մնացին առանց իրենց երկրի, վարձով են ապրում իրենց հայրենիքում, իշխողները հայրենիքը վարձով են տվել ու մաղձով են հայրենակիցների տրտնջոցները լսում. իբր` չեք ուզում` գնացեք, ուրիշ շա՜տ ուզողներ կան:

Այսպես մի փոքրիկ, փոքրիկ հողակտոր, աջ ու ձախը, վերևն ու ներքևը կորցրած, ինքն իրենից հոգնած ու ամբողջ աշխարհի դեմ մաքառելուց տանջահար` ոչնչանում է, մարում: Եվ շատերն են թախծոտ հայացքով ըմբոշխնում երկրի, հայրենիքի մարումը: Աստվածային մի վերջին հանգրվան անկում է ամենակուլ չարի օվկիանոսը, հանդարտ սուզվում, և հրաշքներն էլ նրա հետ սուզվում են անդարձ:

Ո՞ւմ է հարկավոր նախանձոտ ու արարիչ, անհանգիստ ու կռվարար, հարմարվող ու անհնազանդ, իր լավն ու վատը չիմացող, աշխարհն իրենից շատ սիրող, աշխարհի ցավն իրենն արած, իր ցավը ներս գցած այս ազգը. Չէ՞ որ սրան նայելով բոլո՜ր-բոլոր ազգերն ամաչում են իրենց արածից. ավելի լավ է թող կորչի գնա, ու իրենք էլ ապրեն անամոթ:

ՎԱՍ

Комментариев нет:

Отправить комментарий